Գլխավոր » 2012 » Ապրիլ » 23 » ԳՈՒՑԵ...
20:54
ԳՈՒՑԵ...
Գուցե ոչ հիմա, գուցե ոչ այսօր 
Քեզ ինչ-որ մեկը օգնի հասկանալ, 
Որ այն, ինչ այստեղ արժեք է հզոր,
Ոչինչ է կյանքում հավիտենական:

Գուցե երկնային ինչ-որ հրաշքով
Սիրտդ արթնանա լեթարգիկ քնից,
Հոգուդ լուսավոր կետերը վառվեն
Ու ներսդ մաքրեն թանձր խավարից:

Եվ այնժամ գուցե հանկարծ հասկանաս, 
Որ փուչ են եղել իղձերդ բոլոր,
Սրտումդ գուցե նոր իղձեր ծնվեն
Ու առաջնորդեն քայլերդ մոլոր:

Միգուցե ոչ այս, այլ հաջորդ կյանքում
Սովորես տեսնել առանց աչքերի,
Զգացմունքներ կարդաս ու մտքեր լսես,
Հպվես, բայց արդեն առանց ձեռքերի:

Գուցե մի բան քեզ հուշի, որ կյանքում
Հարուստ լինում են ոչ միայն փողով,
Որ հոգու լույսը երբեք չի սպառվում
Ու չի պակասում ուրիշին տալով:

Գուցե երբևէ պարզապես հիշես, 
Որ ինչ-որ մեկին պարտք ես մնացել,
Գուցե զարմանաս, երբ հանկարծ պարզես,
Որ քեզնից մերժված այդ ինչ-որ մեկը
Պարտքը մոռացել ու ներել է քեզ:

Գուցե խղճի խայթ, ափսոսանք զգաս,
Գուցե գիտակցես, որ ճիշտ չես ապրել,
Եվ այդ ժամանակ միգուցե իրոք
Փորձես զղջումով ինքնամաքրվել:

Երբ արհեստական լույսերից հոգնած` 
Խամրած հայացքդ հառես արևին,
Գուցե ջերմանա հոգիդ քարացած՝
Արձագանքելով Լույսի հպումին... 

Գուցե ոչ այսօր և ոչ էլ այստեղ,
Գուցե մյուս կյանքում, գուցե հենց այնտեղ...
Բաժին: Բանաստեղծություններ | Նայել են: 1788 | Ավելացրել է: ARAMO | Թեգեր: стихи | Ռեյտինգ: 0.0/0
Մեկնաբանություններ: 1
Արշակ05.01.2015 02:56
Խնդրում ենք պահպանել հեղինակային իրավունքները և արտատպելիս նշել հեղինակին․ սա Անահիտ ՈՒլուբաբյանի (հաճախ հանդես է գալիս ՈՒլուանա ծածկանունով) ստեղծագործությունն է, առաջին անգամ հրապարակվել է akumb.am–ի գրական բաժնում․
http://www.akumb.am/showthread.php/6881
https://www.facebook.com/Uluana
Ավելացնել մեկնաբանություն կարող են միայն գրանցված անձիք:
[ Գրանցում | Մուտք ]