20:54 ԳՈՒՑԵ... |
Գուցե ոչ հիմա, գուցե ոչ այսօր Քեզ ինչ-որ մեկը օգնի հասկանալ, Որ այն, ինչ այստեղ արժեք է հզոր, Ոչինչ է կյանքում հավիտենական: Գուցե երկնային ինչ-որ հրաշքով Սիրտդ արթնանա լեթարգիկ քնից, Հոգուդ լուսավոր կետերը վառվեն Ու ներսդ մաքրեն թանձր խավարից: Եվ այնժամ գուցե հանկարծ հասկանաս, Որ փուչ են եղել իղձերդ բոլոր, Սրտումդ գուցե նոր իղձեր ծնվեն Ու առաջնորդեն քայլերդ մոլոր: Միգուցե ոչ այս, այլ հաջորդ կյանքում Սովորես տեսնել առանց աչքերի, Զգացմունքներ կարդաս ու մտքեր լսես, Հպվես, բայց արդեն առանց ձեռքերի: Գուցե մի բան քեզ հուշի, որ կյանքում Հարուստ լինում են ոչ միայն փողով, Որ հոգու լույսը երբեք չի սպառվում Ու չի պակասում ուրիշին տալով: Գուցե երբևէ պարզապես հիշես, Որ ինչ-որ մեկին պարտք ես մնացել, Գուցե զարմանաս, երբ հանկարծ պարզես, Որ քեզնից մերժված այդ ինչ-որ մեկը Պարտքը մոռացել ու ներել է քեզ: Գուցե խղճի խայթ, ափսոսանք զգաս, Գուցե գիտակցես, որ ճիշտ չես ապրել, Եվ այդ ժամանակ միգուցե իրոք Փորձես զղջումով ինքնամաքրվել: Երբ արհեստական լույսերից հոգնած` Խամրած հայացքդ հառես արևին, Գուցե ջերմանա հոգիդ քարացած՝ Արձագանքելով Լույսի հպումին... Գուցե ոչ այսօր և ոչ էլ այստեղ, Գուցե մյուս կյանքում, գուցե հենց այնտեղ...
|
|
Մեկնաբանություններ: 1 | |||
| |||