Ես սիրում եմ քո մեղավոր աչքերը խոր,
Գիշերի պես խորհրդավոր.
Քո մեղավոր, խորհրդավոր աչքերը մութ,
Որպես թովիչ իրիկնամուտ:
Քո աչքերի անծայր ծովում մեղքն է դողում,
Որպես գարնան մթնշաղում:
Քո աչքերում կա մի քնքուշ բախտի վերհուշ,
Արբեցումի ոսկե մշուշ:
Մոլորվածին անխոս կանչող փարոսի շող,
Քո աչքերը հոգի տանջող:
Ես սիրում եմ գգվող-անգութ աչքերըդ մութ,
Որպես գարնան իրիկնամուտ: